ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա հկ

Նորություններ

ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան՝ ուսումնասիրելու միկրոբանկերի մոդելի ներդրման փորձը

27.07.2026

Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայի պատվիրակությունը 2026 թվականի հուլիսի 22–23-ը աշխատանքային այցով գտնվել է Թբիլիսիում՝ ուսումնասիրելու Վրաստանում միկրոբանկերի ինստիտուտի ձևավորման, կարգավորման և գործունեության փորձը։

Այցի շրջանակներում ՎԿԱ-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Վրաստանի երկու գործող միկրոբանկերի՝ MBC Microbank-ի և Crystal Microbank-ի ղեկավարության և մասնագիտական թիմերի հետ։ Քննարկումներին մասնակցել են կազմակերպությունների գործադիր ղեկավարները, ռիսկերի կառավարման, ֆինանսների, իրավական, կորպորատիվ կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործառնական և համապատասխանության ուղղությունների պատասխանատուները։

Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել Վրաստանում միկրոբանկերի կարգավիճակի ներդրման ամբողջ գործընթացը՝ օրենսդրական նախաձեռնությունից մինչև լիցենզավորման, կազմակերպական վերափոխման և գործունեության փուլերը, ինչպես նաև գնահատել այդ փորձի կիրառելիությունը Հայաստանի համար։

Հանդիպումների ընթացքում վրացի գործընկերները մանրամասն ներկայացրեցին միկրոբանկերի մասին օրենսդրության մշակման նախապատմությունը, Վրաստանի Ազգային բանկի դերը, լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և համապատասխանության համակարգերի վերափոխումը, նոր հաշվետվական պահանջները, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ավանդների ներգրավման և նոր բանկային ծառայությունների ներդրման գործընթացը, ինչպես նաև այն հիմնական մարտահրավերներն ու դասերը, որոնք ուղեկցել են անցումը միկրոբանկային մոդելին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև միկրոբանկի կարգավիճակի ազդեցությանը ֆինանսավորման արժեքի նվազեցման, ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կազմակերպությունների մրցունակության և կայուն զարգացման վրա։

ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունը նաև ծանոթացել է երկու միկրոբանկերի գործառնական առանձնահատկություններին, հաճախորդների սպասարկման մոդելներին, մասնաճյուղային ցանցի կազմակերպմանը և թվային ծառայությունների զարգացման ուղղություններին։

Այցը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում միկրոբանկերի ինստիտուտի ներդրման շուրջ իրականացվող նախաձեռնության շրջանակներում։ Այցի արդյունքները կամփոփվեն մասնագիտական վերլուծական հաշվետվության տեսքով և կներկայացվեն Հայաստանի ֆինանսական հատվածի շահագրգիռ կողմերին՝ նպաստելու միկրոբանկերի հնարավոր կարգավորման վերաբերյալ մասնագիտական քննարկումների հետագա զարգացմանը։  

ՀՀ ՎԿԱ-ն իր շնորհակալությունն է հայտնում MBC Microbank-ի և Crystal Microbank-ի ղեկավարությանը և մասնագիտական թիմերին՝ ջերմ ընդունելության, բաց և կառուցողական երկխոսության, ինչպես նաև իրենց փորձն ու գիտելիքները կիսելու պատրաստակամության համար։