Նորություններ
Global Customer Choice Index 2026․ հիմնական դիտարկումները Հայաստանի բանկային ոլորտի վերաբերյալ
18.08.20262026թ. օգոստոսի 18-ին ՀՀ Վարկային Կազմակերպությունների Ասոցիացիան մասնակցեց «Global Customer Choice Index 2026» հետազոտության արդյունքների ներկայացմանը, որը կազմակերպվել էր InteriseGroup-ի կողմից։
Միջոցառումը համախմբեց Հայաստանի ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու հաճախորդների փորձ և տեխնոլոգիական զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՎԿԱ-ի տնօրեն Խորեն Քերոբյանը։ Իր ողջույնի խոսքում նա ընդգծեց տվյալների վրա հիմնված վերլուծությունների և ոլորտի մասնակիցների համագործակցության կարևորությունը ֆինանսական համակարգի հետագա զարգացման համար՝ նշելով, որ հաճախորդների փորձի և տեխնոլոգիական լուծումների զարգացումն այսօր ոչ միայն միտում է, այլև կայուն աճի կարևոր նախապայման։
«Global Customer Choice Index 2026»-ի շրջանակում Հայաստանի բանկային ոլորտում իրականացվել է 299 mystery shopping այց՝ 15 բանկերում, ինչը հնարավորություն է տվել գնահատել հաճախորդների սպասարկման փորձը և բանկային ծառայությունների մատուցման գործընթացները։
Հետազոտության կարևոր եզրահանգումներից մեկն այն է, որ բանկի շուկայական չափը ինքնին չի որոշում հաճախորդների փորձի որակը։ Հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ կարող են ապահովել ինչպես խոշոր համակարգային բանկերը, այնպես էլ ավելի փոքր և մասնագիտացված շուկաներում գործող ֆինանսական կազմակերպությունները։
Հաճախորդի դիմումից մինչև վերջնական արդյունք ծառայության մատուցման գործընթացը հաճախ բարդանում է մարդկային գործոնի բարձր ներգրավվածության և ավելորդ թղթաբանության պատճառով։ Այս գործընթացների պարզեցումը, թվայնացումը և ավտոմատացումը կարող են նպաստել ծառայությունների մատուցման արագության, արդյունավետության և հաճախորդների փորձի բարելավմանը։
ՎԿԱ-ն կարևորում է նման հետազոտությունների իրականացումը, քանի որ տվյալների վրա հիմնված ոլորտային վերլուծությունները հնարավորություն են տալիս ֆինանսական կազմակերպություններին ավելի լավ հասկանալ հաճախորդների ակնկալիքները, գնահատել առկա գործընթացները և բացահայտել զարգացման նոր հնարավորություններ։
ՎԿԱ-ն շարունակում է աջակցել իր անդամ կազմակերպությունների մասնագիտական զարգացմանը, ոլորտային համագործակցությանը և Հայաստանի ֆինանսական համակարգում ժամանակակից ու հաճախորդակենտրոն մոտեցումների տարածմանը։