ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցացիա հկ

Նորություններ

«Նոր մշակույթ ֆինանսական շուկայում». ՖԻՆՔԱ Հայաստանը տոնում է գործունեության 25 ամյակը

10.07.2024

ՖԻՆՔԱ-ն այս տարի նշում է Հայաստանում իր գործունեության 25 ամյակը, ինչի առթիվ հուլիսի 9-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպությունն իրականացրել է հատուկ փակ միջոցառում, որի ընթացքում ամփոփել է անցած 25 տարվա ուղին եւ նախանշել ապագայի նոր ձեռքբերումները:
Միջոցառման հյուրերի թվում էին FINCA International-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Անդրե Սիմոնը, ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Ֆլաուրեսը, ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս ցանցի Բիզնեսի զարգացման և Հաճախորդների սպասարկման ռազմավարության փոխնախագահ Զառ Վարդակը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ Կենտրոնական բանկից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից,  գործընկեր կազմակերպություններից ևՖԻՆՔԱ-ի հաճախորդներ: 
«Այս տարիների ընթացքում ՖԻՆՔԱ Հայաստանի ամենամեծ ներդրումը, երեւի թե, մշակութային փոփոխությունն է եղել, իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ հաճախորդների բազան եւ այն թիմը, որն այսօր աշխատում է մեր կազմակերպությունում»,- Banks.am-ի հետ զրույցում ամփոփելով 25 տարվա աշխատանքն՝ ասաց ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր կոմերցիան տնօրենը Վարդան Հարոյանը:
«1990-ականների վերջին եւ 2000-ականների կային այնպիսի հաճախորդներ, որոնք բանկերի հետաքրքրության տիրույթում չէին եւ, կարծես, բանկային ֆինանսական համակարգից դուրս մնացած լինեին: Նրանք, թեկուզ փոքր մասշտաբի, բայց ունեին նպատակներն, որոնք ուզում էին ի կատար ածել, բայց դրա համար ֆինանսավորում չունեին: Սա հենց այն հատվածն էր, որտեղ «ՖԻՆՔԱ»-ն ներդրում ունեցավ: Թեկուզ փոքր վարկերով, բայց սկսեց օգնել միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող հաճախորդներին, որպեսզի նրանք էլ կարողանան իրենց առջեւ դրված նպատակներին հասնեն: Սա ամենամեծ մշակութային ավանդն ու փոփոխությունն էր, որ ներդրեց ՖԻՆՔԱ-ն Հայաստանում»,- նշել է նա: 
Վարդան Հարոյանը նաեւ հայտնել է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը շուտով կգործարկի թվային հարթակը եւ կսկսի ամբողջական հեռավար սպասարկում իրականացնել  մոբայլ հավելվածի միջոցով. «Մեր թվային հարթակը հնարավորություն կտա վարկերի հեռավար տրամադրում եւ մարում կատարել: Շուտով կներդնենք նաեւ ավտոմատացված սքորինգային համակարգը»:
ՖԻՆՔԱ Հայաստանի մարքեթինգի վարչության ղեկավար Իրենա Բալայանի խոսքով՝  ՖԻՆՔԱ-ն թեեւ վարկային կազմակերպություն է, բանկի կարգավիճակ դեռ չունի, բայց մրցակցային դաշտում է գտնվում բանկերի հետ:  
«ՖԻՆՔԱ Հայաստանն իր տրամադրած ծառայություններով չի զիջում բանկային ծառայություններին: Գործունեության մեկնարկից՝ 1999 թվականից «ՖԻՆՔԱ»-ն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում ֆինանսական ոլորտի զարգացման եւ վարկային կազմակերպությունների շարքում առաջամարտիկ լինելու գործում, ինչը համեմված է եղել նաեւ սոցիալական նախագծերով՝ ուղղված համայնքների զարգացմանն ու կանանց հզորացմանը»,- ասել է նա:
Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ Իրենա Բալայանն ընդգծել է, որ դրանք միայն «ՖԻՆՔԱ»-ի հաճախորդների համար չեն. «Սոցիալական ծրագրերում ընդգրկում ենք տարածաշրջան, համայնք, որտեղ մեր բուն նպատակը արդյունք տալն է: Դրա մասին է փաստում մեր վերջին՝ «Կանայք գյուղատնտեսությունում» ծրագիրը, որում 25 կին է ընդգրկված եղել, որոնցից ընդամենը մի քանի հոգի են մեր հաճախորդներ եղել»:
Նրա խոսքով՝ թեպետ մրցակցային դաշտը բավականին խիտ է, բայց թե՛ վարկային ոլորտում, թե՛ արտարժույթի փոխանակման տեսանկյունից փորձում ենք հնարավորինս մրցունակ լինել եւ մատչելի ու հասանելի ծառայություններ մատուցել հաճախորդներին:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գնահատելով ՖԻՆՔԱ Հայաստանի գործունեությունը, նշել է. «Մենք շատ կարեւորում ենք ՖԻՆՔԱ-ի ներկայությունը Հայաստանում՝ հատկապես որպես ճիշտ ֆունկցիոնալ ֆինանսական կառույց: Կարծում եմ, որ «ՖԻՆՔԱ»-ի ներկայությունը մեծ դեր է խաղացել ընդհանրապես վարկային շուկայի զարգացման հարցում եւ նոր մշակույթ է բերել վարկային կազմակերպությունների շուկա»:
ՖԻՆՔԱ Հայաստանի 25-ամյակին նվիրված միջոցառմանը հյուրերի ելույթներից բացի՝ կազմակերպության այս տարիների գործունեությունը ներկայացվել է ՖԻՆՔԱ-ի  հայաստանյան թիմի եւ կին ձեռներեցների մասին պատմող տեսանյութերով: