ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա հկ

Նորություններ

ՀՀ ՎԿԱ-ն և անդամ ՈՒՎԿ-ները մասնակցել են «Ներդրումային հորիզոններ 2026» համաժողովին

12.09.2026

2026թ. սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ «Ներդրումային հորիզոններ 2026» («INVESTMENT PERSPECTIVES 2026») համաժողովը, որը կազմակերպվել էր «Կուբ Ինվեսթ»-ի և «Կուբ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի կողմից։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիան և Ասոցիացիայի անդամ մի շարք վարկային կազմակերպություններ՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ներդրումային շուկայի զարգացումներին, քննարկելու ֆինանսական ոլորտի արդիական միտումները և ձևավորելու նոր գործարար կապեր։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին ներդրումային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք կարևոր թեմաներ։ Մասնավորապես, «Կուբ Ինվեսթ»-ի զարգացման պատմության և առաջիկա ծրագրերի ներկայացումից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին։

Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու ներդրումային հարթակների տեխնոլոգիական և ռազմավարական նորարարություններին, քննարկելու կրիպտոարժույթների և թվային ակտիվների դերը զարգացող շուկաներում, ինչպես նաև տարածաշրջանային միտումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Համաժողովի առանձին հատված նվիրված էր նաև արհեստական բանականության և տեխնոլոգիական հեղափոխության ազդեցությանը ֆինանսական և այլ ոլորտների ապագայի վրա։

ՀՀ ՎԿԱ-ի և անդամ վարկային կազմակերպությունների մասնակցությունը նման ձևաչափի միջոցառումներին կարևոր է ոլորտի ներկայացուցիչների միջև երկխոսության, փորձի փոխանակման և նոր համագործակցության հնարավորությունների ձևավորման տեսանկյունից։ Կապիտալի շուկայի զարգացման, ֆինանսական տեխնոլոգիաների և ներդրումային նոր գործիքների վերաբերյալ քննարկումները հատկապես կարևոր են վարկային կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման և ֆինանսական համակարգի զարգացման համար։